38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Մինչև Տեր-Պետրոսյանի քաղաքականություն վերադառնալը Հայաստանում ընդհանրապես ընդդիմություն չկար»

«Մինչև Տեր-Պետրոսյանի քաղաքականություն վերադառնալը Հայաստանում ընդհանրապես ընդդիմություն չկար»
16.09.2008 | 00:00

«ԹՈՒՐՔԻԱՆ ՄՏՆՈՒՄ Է ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԵՋ, ԻՆՉԸ ՉԱՓԱԶԱՆՑ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է»
Երեկ տեղի ունեցավ Հայ ազգային կոնգրեսի աշնանային առաջին հանրահավաքը, որը, ի տարբերություն նախորդների, արտոնված էր։ Նոր մոտեցո՞ւմ է ցուցաբերում իշխանությունն ընդդիմության հանդեպ, և ինչո՞վ են ընդդիմադիրներն արժանացել իշխանության բարեհաճությանը։ Հանրահավաքից ժամեր առաջ այս և այլ հարցերով դիմեցինք Հայ ազգային կոնգրեսի անդամ ՍԱՄՎԵԼ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ։
-Դարձյալ խորամանկ քայլ էր,- ասաց վերջինս։- Իշխանությունները հույսը դրել էին սադրանքի վրա։ Ավելին, կարծում էին, որ սեպտեմբերի 15-ին Մեռելոց է՝ ամենաանհարմար օրը հանրահավաք կազմակերպելու համար, ուստի համոզված էին, թե կձախողվի։ Այս ամենի վկայությունն է նաև այն հանգամանքը, որ երեկ արտոնված հանրահավաքի մասին իրազեկող երիտասարդներին ոստիկանները բռնել են, ինչի իրավունքը, բնականաբար, չունեին։ Ոստիկանները նաև զգուշացրել են մարզերից եկող վարորդներին՝ ուղևորներ չտեղափոխել մայրաքաղաք։ Այսինքն՝ կրկին խանգարում են հանրահավաքը կազմակերպելուն, ու այլևս կապ չունի՝ թույլատրե՞լ են այն, թե՞ ոչ։
-Կարծում եք՝ հաջորդ հանրահավաքների հայտերը կմերժվե՞ն։
-Վստահ եմ՝ այո։
-Հանրահավաքներից զատ` ի՞նչ քայլեր եք նախատեսում։
-Այսօր իշխանությունները պատի են դեմ առել, իսկ ժողովուրդը նահանջի տեղ չունի, ինչն ապացուցեց շարունակական հանրահավաքների բազմամարդությունը։ Այս և նախորդ իշխանությունները պետք է պատասխան տան բոլոր հանցագործությունների համար՝ սկսած 98-99 թթ. քաղաքական սպանություններից, 99 թ. հոկտեմբերի 27-ից, գլխավոր դատախազի սպանությունից, ներառյալ բազմաթիվ տնտեսական հանցագործությունները։ Փաստորեն, այսօր երկիրը մի խումբ մոնոպոլիստների և հանցագործների ճիրաններում է հայտնվել և խեղդվում, շնչահեղձ է լինում։ Սա հատուկ պլանավորված ծրագիր է։ Հայաստանը վերածել մի զվարճավայրի՝ հյուրանոցներով, հասարակաց տներով, վերամշակող որոշ ձեռնարկություններով, մեկ միլիոն կամ 600 հազար բնակչով, որոնք կլինեն պարզապես սպասարկող անձնակազմ։ Իսկ Հայաստանի մյուս բնակիչները ստիպված կհեռանան երկրից՝ առտնին հոգսերից դրդված։ Այս իրավիճակում ընդդիմությունը պարտավոր է պայքարել, իսկ այդ պայքարն արդեն ազատագրական է։ Մեր ժողովրդի հետ ո՛չ մշակույթով, ո՛չ կենսակերպով կապ չունեցող բռնազավթիչներից պետք է ազատվել։ Եթե նրանք նահանջելու ոչ մի ցանկություն չունեն, ապա մենք՝ առավել ևս։ Այդ իսկ պատճառով հանրահավաքները դառնալու են պարբերական, և ժողովուրդը պետք է հասկանա, որ սա է միակ ելքը՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու։ Իսկ միջոցառումները, ինչն այսօրվա իշխանությունները ձևակերպում են «բարեփոխում» անվամբ, առնվազն ծիծաղելի են, քանի որ դրանք նպատակաուղղված են միայն իրենց դիրքերը, անշարժ գույքը պահպանելուն։ Նրանք իրենք իրենց չեն կարող պատժել: Սա, մեղմ ասած, կապիկություն է։
-Կոնգրեսի գլխավոր կարգախոսներից մեկը Սերժ Սարգսյանի հրաժարականն է։ Այսօր, սակայն, ԱԺ նախագահի փոփոխման հարցն արդեն լուծված է, որը հնարավոր է ներխորհրդարանական ճգնաժամ առաջացնի՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախադեպ ստեղծելով։ Այս պարագայում կոնգրեսին ձեռնտու են խորհրդարանակա՞ն, թե՞, այնուամենայնիվ, նախագահական արտահերթ ընտրությունները։
-Ճիշտը նախագահական արտահերթ ընտրություններ պահանջելն է։ Եթե որոշ ժամանակ անցել է, չի նշանակում, թե Սերժ Սարգսյանն արդեն լեգիտիմություն է ձեռք բերել։ Ընտրություններն անցկացվել են կեղծիքներով, ինչը չենք պատրաստվում մոռացության տալ։ Մենք պետք է սահմանադրական կարգը վերականգնենք, որն այսօր ամենաէական խնդիրն է` հետագայում այսօրինակ իրավիճակներից խուսափելու համար։
-Այդուհանդերձ, եթե արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն, կոնգրեսը կմասնակցի՞ դրանց։
-Մենք կրկին կաշխատենք, որ այդ ընտրությունների ժամանակ ժողովուրդն իր ընտրած մարդկանցով համալրի խորհրդարանը։
-Եվրախորհրդի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգը 1620 բանաձևի կատարման ընթացքի վերաբերյալ տեսակետ հայտնեց, թե «Հայաստանում առաջընթաց կա, բայց ակնկալվում են հետագա լուրջ քայլեր»։ Ձեր գնահատականը։
-Մինչև Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականություն վերադառնալը Հայաստանում կիսաընդդիմություն էր կամ ընդհանրապես ընդդիմություն չկար։ ՈՒ այս պայմաններում յուրաքանչյուր կեղծված ընտրություններից հետո եվրոպացիներն իրենց եզրակացություններում նշում էին, որ ինչ-ինչ թերություններ եղել են, սակայն առաջընթաց կա։ Այնինչ վերջիններս այս ընտրություններից հետո բավականին կոշտ վերաբերմունք արտահայտեցին, ինչը պայմանավորված էր երկրում իրական ընդդիմության առկայությամբ։ Այս փուլում մեզ ինչ-որ չափով խանգարեց ռուս-վրացական հակամարտությունը, որովհետև միջազգային հանրությունը որոշ ժամանակ զբաղված կլինի հիշյալ խնդրով։ Այստեղ գոյություն ունի գերտերությունների շահերի բախում, բայց սա ժամանակավոր է։ Այսուհանդերձ, ինչն Արևմուտքին ստիպեց իր ուշադրությունը սևեռել Հայաստանի վրա: Պատասխանն է՝ ժողովրդի պայքարելու վճռականությունը։ Եթե մենք մեր ներքին կազմակերպվածությամբ, վճռականությամբ պայքարը շարունակենք, ապա Արևմուտքի ուշադրությունը նորից կկենտրոնանա Հայաստանի վրա, և ճիշտ գնահատականներ կտրվեն իրողություններին։
-Անցանկալի զարգացումներ են տեղի ունենում նաև ԼՂ-ի հիմնախնդրի շուրջ։ Նախօրեին Թուրքիայի նախագահը Հայաստան այցից հետո հայտարարել է, որ Հայաստանն Ադրբեջանին պետք է վերադարձնի օկուպացված տարածքները։ Ավելին՝ վերջինս Ադրբեջանի և Հայաստանի միջև ԼՂ-ի հարցում միջնորդ դառնալու ակնհայտ նկրտումներ ունի, ինչը, բնականաբար, Հայաստանի շահերից չի բխում։
-Եթե երկրի ղեկավարը մտահոգված լիներ պետության շահերով, նա Գյուլի առջև պետք է դներ երկու խնդիր՝ սահմանների բացում, ցեղասպանության ճանաչում։ Բանակցությունների ժամանակ միակողմանի խնդիրներ չեն առաջադրվում։ Սակայն այս դեպքում Գյուլն իր հարցադրումները պարտադրեց, որոնցում հիմնականը ԼՂ-ի հարցն էր և Կովկասում նոր պլատֆորմի ստեղծումը։ Սրան, սակայն, Սերժ Սարգսյանը ոչինչ չհակադրեց։ Փաստորեն, Գյուլը եկել է, իր հարցադրումներն արել, և Սերժ Սարգսյանը համաձայնել է դրանց։ Այսինքն՝ Թուրքիան Հայաստանի թույլտվությամբ մտնում է բանակցային գործընթացի մեջ, ինչը չափազանց վտանգավոր է։
-Մեր թերթին տված հարցազրույցում Իգոր Մուրադյանը նշել էր, որ առաջիկայում ԼՂՀ Ազգային ժողովում քննարկման կդրվի Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչման հարցը։ Այս իրավիճակում Հայաստանն ինչպիսի՞ քաղաքականություն պետք է որդեգրի։
-Մենք պետք է հասկանանք, որ Հայաստանը ԼՂ-ի անվտանգության երաշխավորն է։ ՀՀ իշխանություններն այսօր չեն կարող հարևանների հետ կայուն քաղաքականություն վարել՝ չունենալով արտաքին աշխարհի հետ ելքի ուղիներ: Վրաստանը մեր հիմնական հարևանն է, ու նրա հետ պետք է կարողանանք ճիշտ հարաբերություններ կառուցել՝ չխառնվելով Վրաստանի ներքին ու արտաքին խնդիրներին։ Իսկ ինչ վերաբերում է ԼՂ-ին, ապա նա չի կարող ինքնուրույն որոշումներ կայացնել, քանի որ Ղարաբաղը ևս չճանաչված պետություն է։ Այս ամենում լուրջ դերակատարություն է վերապահված Հայաստանին, որը հարևանների հետ հարաբերությունների խզման ճանապարհով չպետք է գնա։ Իսկ դրան հասնելու համար կրկին լեգիտիմ իշխանություն է պետք։ Այսօր Հայաստանի փոխարեն որոշումներ է կայացնում Ռուսաստանը։ Գյուլի հրավերը ևս ռուսական ծրագիր էր։ Մենք ինքնուրույն քաղաքականություն չունենք, ամեն ինչ հանձնված է դրսին։ Մեր արտաքին քաղաքական հարցերն էլ դրսում են լուծվում։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 4980

Մեկնաբանություններ